30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ծննդկան

2020 թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից  ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հղիության 41-րդ շաբաթում բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ և ծննդաբերության լատենտ փուլ ախտորոշմամբ հիվանդանոց  տեղափոխված 30-ամյա կինը մահացել է:

Նույն օրը՝ ժամը 10:30-ին, 30-ամյա կնոջ մահվան վերաբերյալ հաղորդում է ստացվել նաև վերջինիս  բարեկամից:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա  են եղել քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, 18.09.2020թ. ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քրեական գործը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ