Ադրբեջանցի ռազմագերին արդեն 10 օր է՝ Արցախի հիվանդանոցում է, նա վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

հասարակական

Ադրբեջանցի ռազմագերի Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլուին Արցախում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ըստ անհրաժեշտության ռազմագերիներին ցուցաբերվում է մարդասիրական բուժօգնություն ու վերաբերմունք:

«Նրան մարդասիրական կանոններին, միջազգային իրավունքին ու մեր ներպետական օրենսդրությանը համապատասխան բուժօգնություն ու մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում: Նա ըստ կարիքի վիրահատվել է, և ոչ միայն ինքը, մնացածին էլ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել ու ցուցաբերվում»,- նշեց Բեգլարյանը:

Ինչպես հայտնեցին «Արմենպրես»-ի աղբյուրներն Արցախից, վիրահատված ռազմագերու անունը Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլու է: Ռազմագերին արդեն 10 օր է, ինչ հիվանդանոցում է և ստանում է համապատասխան բուժօգնություն:

Հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նույն օրն անդրադառնալով տեսանյութին, հայտարարել էր, որ այն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույցն է:

--0--ԿԿ