ՀՀ-ն միշտ կարող է ճանաչել Արցախը, կարևոր է՝ դա անեն մյուսները. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Լրագրողի խնդրանքով ներկայացնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պաշտոնական հարաբերությունները` Փաշինյանը նշում է. 

«Նախ, ցանկանում եմ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ի վեր հայեր են ապրել, և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայկական բնակչությունը միշտ եղել է 80 և ավելի տոկոս: Եվ ցանկանում եմ նաև արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հսկայական ժառանգություն կա՝ եկեղեցիներ, այլ կառույցներ՝ սկսած 5-րդ դարից: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղում: Մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված չեն հողի հետ հարաբերությունների հետ, այլ կապված են մարդկանց հետ հարաբերությունների հետ:

1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայությունը Խորհրդային միությունում ժողովրդավարացման գործընթացների համատեքստում փորձել է վերականգնել իր իրավունքները։ Խոսքը հետևյալ իրավունքի մասին է. երբ Խորհրդային միությունը ձևավորվում էր, այդ ժամանակ 80 և ավելի տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի, և դա տեղի ունեցավ Ստալինի կամայական որոշման արդյունքում:

Եվ երբ Խորհրդային միությունում ժողովրդավարացման գործընթացներ սկսվեցին, Լեռնային Ղարաբաղի հայերը փորձեցին խաղաղ քաղաքական ճանապարհով վերականգնել իրենց իրավունքները և վերամիավորվել Հայաստանի Հանրապետության հետ, ինչին Խորհրդային միությունը և Ադրբեջանը արձագանքեցին բռնություններով՝ մարդկանց նկատմամբ: Եվ նկատի ունեմ, որ մեր հարաբերությունը կապված է մարդկանց հետ, այն մարդկանց, ովքեր ապրել են, ապրում են և պիտի ապրեն Ղարաբաղում»:

Լրագրողի հարցին` ինչպե՞ս կարող է ներկայացնել Լեռնային Ղարաբաղը, օրինակ, երբ Հայաստանից գնում է Ղարաբաղ, ո՞ւր է գնում, վարչապետը պատասխանում է.

«Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը հետագայում, և մենք ասում ենք Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետություն, որտեղ կա ընտրված նախագահ, կա խորհրդարան, կան պետական կառավարման մարմիններ: Դա Հայաստանի Հանրապետության տարածք չի համարվում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակված պետություն է, որը, սակայն, մինչ օրս, ցավոք, միջազգային ճանաչում չի ստացել»:

Պատմական ասպեկտի մասին խոսելիս ՀՀ վարչապետը անդրադառնում է նաև ադրբեջանցիների ներկայացրած փաստաթղթերին, որ «հողն իրենց է պատկանում»:

«Եթե խոսենք միջազգային իրավունքի մասին, ի՞նչ կասեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի մասին»,- հարցնում է լրագրողը:

«Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ փաստի վրա՝ այնպես, ինչպես մեկնաբանում է Ադրբեջանը միջազգային իրավունքը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Խորհրդային միության մաս է, և այդպիսի անկախ պետություն գոյություն չունի: Բայց Դուք կարող եք ասել, որ Խորհրդային միությունը գոյություն չունի այլևս, որպեսզի Ադրբեջանը լինի այդ Խորհրդային միության մաս: Նույնկերպ և Խորհրդային Ադրբեջանը գոյություն չունի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լինի Ադրբեջանի մաս: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, դրանք ընդունվել են կոնկրետ իրավիճակում, դրանք նկարագրել են կոնկրետ իրավիճակ, դրանք նկարագրել են Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի բախումը և դրանց արդյունքները:

Անվտանգության խորհրդում նկարագրված պատմությունը նույնպես ունի շատ կարևոր համատեքստ: Ես արդեն ասացի, որ բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարին Ադրբեջանն արձագանքել է բռնի ուժով, ինչպես այսօր՝ ռմբակոծելով, հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը: Այդ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունները հեռացնելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերն ստիպված են եղել ձևավորել անվտանգության գոտի»,- նշում է ՀՀ վարչապետը:

Արցախի ճանաչմանն անդրադառնալով, մասնավորապես՝ հարցին, թե ի՞նչ կարող է փոխել Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը միակողմանի ճանաչելը, Փաշինյանը պատասխանում է.

«Այդ հարցը եղել է մեր օրակարգում և կա մեր օրակարգում: Բայց մեզ համար գլխավոր է ոչ այնքան, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա միշտ կարող է անել: Կարևոր է, որ ճանաչեն միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները: Եվ այսօր կարծում ենք, առավել ևս, այդ հարցը հրատապ է, և ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հաշվի առնելով հումանիտար աղետի վիճակը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով այն անառարկելի փաստը, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ, նշանակում է էթնիկ զտումներ՝ մենք կարծում ենք, որ այս պարագայում պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը, և միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

--00--ԱԹ