ԼՂ-ում հրետանային հարվածները կարող են համարվել ռազմական հանցագործություններ․ Միշել Բաչելետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Հրետանային հարվածները Լեռնային Ղարաբաղում կարող են համարվել ռազմական հանցագործություններ։ Այս մասին, ինչպես գրում է Reuters գործակալությունը․ հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։

Նա հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների և հիվանդանոցների վրա: 

«Չնայած անցյալ ուրբաթ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված՝ քաղաքացիական բնակչությանը միտումնավոր չթիրախավորելու մասին համաձայնությանը՝ հանգստյան օրերին հաղորդվել է բնակեցված տարածքների ուղղությամբ հրետանային հարձակումների մասին»,- նշել է Միշել Բաչելետը։

Հանձնակատարը նշել է, որ չնայած սոցիալական ցանցերում շրջանառվում են բազմաթիվ կեղծ լուսանկարներ՝ լրատվական կազմակերպությունների՝ ադրբեջանական զորքերի կողմից զինվորական համազգեստով երկու հայ գերիներին մահապատժի ենթարկելու հոլովակների խորը հետաքննությունը բացահայտեց համոզիչ և խորապես անհանգստացնող տեղեկատվություններ։

«Եվ դա Ժնևի կոնվենցիաների համաձայն կարող է համարվել ռազմական հանցագործություն»,- հայտարարել է նա:

--00--ԱՀ