Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո է տրամադրել Գեղարքունիքի ապաստանած արցախցիներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

Գեղարքունիք

Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ Արցախից տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած բնակիչներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ 

«Այս մասին ինձ հատուկ նամակով ծանուցել է Իզերի դեպարտամենտալ խորհրդի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն, միաժամանակ հավաստիացնելով, որ շարունակվելու են 2019 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև վերահաստատված ծրագրերի իրագործումը՝ կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտներում։

Պատասխան նամակով հայտնել եմ իմ երախտագիտությունը եւ պատրաստակամությունը՝ Իզերի դեպարտամենտի հետ համագործակցությունը շարունակելու համար։

Նշել եմ ,որ մեծ գոհունակությամբ ու խորին երախտագիտությամբ եմ ընդունում պարոն Ժան-Պիեռ Բարբիեի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի զորակցությունը, որն արտահայտվել է ինչպես քաջալերող խոսքերով, այնպես էլ՝ դրամաշնորհային աջակցության տեսքով։

Չափազանց ծանր են պատերազմի պատճառով մեզ հասցված վերքերը, սակայն դրանք արագ հաղթահարելու ճանապարհներ են գտնվում, երբ ի հայտ են գալիս բարի կամքի ու մարդասիրության նման մոտեցումներ։ Իզուր չի ասված, որ իսկական բարեկամությունը ավելի լավ դրսևորվում է նեղության պահին։

Համոզված եմ, որ տարիների մեր համագործակցությունը ոչ միայն կունենա հուսալի շարունակություն, այլ նաև իր նպաստը կբերի մեր մարզի զարգացմանը, աղետալի պատերազմից տուժած և Գեղարքունիքի մարզ տեղափոխված արցախցի ընտանիքների կենսական խնդիրների հաղթահարմանը։

Մեր հայրենիքի ու ժողովրդի համար այս դժվարին օրերին Իզերի դեպարտամենտի կողմից ցուցաբերած աջակցությունը մեզ միայն հուսադրում է, տրամադրում ստեղծարար աշխատանքի:

Գեղարքունիքի մարզի բնակչության, մարզում ապաստանած արցախցիների և անձամբ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում նման մարդասիրական ձեռնարկի համար»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս