Մեքենայից պայուսակ ու ատրճանակ հափշտակողը հայտնաբերվել է

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Լենդ Ռովեր» մակնիշի մեքենայից գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները զրուցել էին տուժողի հետ: Պարզվել էր` օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են կախազարդ և պայուսակ, որի մեջ կար փող և «Վալտեր» տեսակի գազային ատրճանակ՝ 8 փամփուշտով:
Ոստիկանները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին: Քրեական հետախույզները փոխգործակցելով համայնքային ոստիկանների հետ՝ ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ իրականացրին: Հետևողական աշխատանքի արդյունքում հաղորդումից օրեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Ռուբինյանց փողոցի 48-ամյա մի բնակիչ:
Դեկտեմբերի 27-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նա տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 --00—ՄՀ