Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են.Ոսկեպարի ղեկավարը՝ Տավուշից տարածք զիջելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

1

Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիրը վտանգված է։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ը:

Ըստ աղբյուրի՝ Տավուշի բնակիչները մտահոգված են, որ նոր սահմանազատումը շուտով կհասնի նաև Տավուշին, և որոշ տարածքներ, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքներ, կանցնեն ադրբեջանական հսկողության տակ։

Քննարկվում է նաև 2 զորամասերի տեղափոխման հավանականության հարցը։ Ոլորտին իրազեկ անձինք «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ զորամասերի տեղափոխման քննարկումը եղել է տարեվերջին, սակայն Սյունիքի շուրջ մեծ աղմուկի պատճառով որոշ ժամանակով հարցը առկախվել է։

Ադրբեջանական հսկողության տակ կարող են անցնել Բաղանիսի որոշ հատվածներ։ Զրուցակիցներից մեկը՝ սահմանապահներից, հայտնել է, որ Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհի՝ ոլորանների րոշ հատված, ինչպես Սյունիքում, հանձնվելու է Ադրբեջանին։

Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվության, տեղի բնակիչների մտահոգությունների կապակցությամբ «Փաստինֆո»-ն զրուցել է նաև Ոսկեպարի համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանի հետ, որը պնդեց, թե դրանք միայն խոսակցություններ են։

«Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել, հուսանք այդպիսի բան չի լինի, նույնիսկ չենք ուզում խոսել դրա մասին»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե սյունեցիները ևս չէին սպասում, որ մարզի քարտեզում երբևէ փոփոխություն կլինի, բայց մի քանի տասնյակ բնակիչ պարտադրված է եղել իր տունը թողնել ադրբեջանցիներին ու հեռանալ, իսկ ճանապարհներին էլ ծածանվում է թշնամու դրոշը, հնարավո՞ր է որ սյունեցիների պես տավուշցիները ևս անակնկալի գան, Մախսուդյանը պատասխանեց.

«Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ոչ մի պաշտոնական տվյալ չկա, ոչ մի բան չի ասվել։ Այս պահին ոչ մի տարածք ոչ մեկին չունենք զիջելու, ապրում ենք մեր գյուղում, մնացած գուշակությունները չեմ կարող անել»։

Ոսկեպար համայնքի ղեկավարը չի հերքում, որ նշված խոսակցությունները բնակիչների շրջանում ամեն օր են ծավալվում։

«Քանի որ մենք ապրում ենք հենց Ոսկեպարում, մեզ ավելի շատ են անհանգստացնում այդ խոսակցությունները, բայց հիմա հստակ ոչ մի բան ասել չեմ կարող, քանի որ պաշտոնական բան չկա»։

Հարցին՝ արդյոք դիմե՞լ է պատկան մարմիններին, տեղեկություն ստանալու համար, Մախսուդյանն ասաց՝ «բնականաբար», բայց ո՞ւմ ու ի՞նչ հարցով՝ չմանրամասնեց։

«Դիմել ենք մարդկանց, ստացել պատասխաններ, որ ոչ մի անհանգստացնող փաստ այս պահի դրությամբ չունենք»,- եզրափակեց Սերոբ Մախսուդյանը։

--00—ԼՄ