Ահազանգեր է ստացել ԲՀԿ-ի կողմից ընտրախախտումների վերաբերյալ․ ոստիկանության պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ պատասխանելով «Ժամանակ» օրաթերթի այն տեղեկատվություններին, թե Աժ ընտրությունների օրը ոստիկանությունը ահազանգեր է ստացել ԲՀԿ-ի կողմից կատարվող ընտրախախտումների վերաբերյալ, սակայն միջոցներ ձեռնարկելու փոխարեն զգուշացրել է ԲՀԿ-ի ղեկավարությանը, որ ավելի «աննկատ և քողարկված» աշխատեն:

«Հայտնում ենք, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: 
Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ վերքաղաքական կառույց է և գործում է բացառապես օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով:

Հրապարակման ուղղակի հերքումն է նաև ոստիկանության ծավալուն աշխատանքը և´ քարոզարշավի, և´ բուն քվեարկության օրը, որին ականատես են եղել մեր ողջ հասարակությունը, լրատվամիջոցները, դիտորդները:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ լուրեր տարածելու մարտավարությունից ու հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից», - ասված է պարզաբանման մեջ: