Պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ю

Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականում մարտի 19-ին հրապարակվել է Հայաստան գործուղված թղթակից Ֆոստին Վենսանի եւս մեկ հոդված։ «Արմենպրես»–ի փոխանմամբ, լրագրողը հարցազրույցներ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի,  տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի, ինչպես նաեւ Հայաստանի բնակիչների հետ։

Լրագրողն անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ինչպես նաեւ այդ համաձայնության շրջանակում 1960 ռուս զինվորի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման  նպատակով հինգ տարի ժամկետով տեղակայմանը: Նշվում է, որ ռուս զինվորականները տեղակայվել են նաեւ Հայաստանի հարավ-արեւելքում` Սյունիքում:

«Նրանք, ովքեր տեղակայվել են Հայաստանի տարածքում` Սյունիքում, այդ զորակազմի մաս չեն կազմում: Նրանք միջնորդների դերն են իրականացնում` խուսափելու Հայաստանի սահմանակից գյուղերի բնակիչների եւ ադրբեջանցի զինվորների միջեւ լարվածությունից»,- հստակեցրել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ֆոստին Վենսանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի փետրվարի 22-ին արտահայտած այն մտքին, որ Երեւանը հակված է 1995թ.-ից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը երկրի հյուսիս արեւմուտքում, եւ, որ Ռուսաստանը նաեւ կօգնի բարեփոխել հայկական բանակը: Նախարարը հավելել է, որ  «Ղարաբաղի փորձը հաշվի առնելով` մեզ պետք է արմատապես վերանայել եւ օպտիմալացնել մեր հնարավորություններն ու ուժերի թվաքանակը»: Ջանքերը կուղղվեն վերահսկման, հետախուզության, օդային պաշտպանության համակարգերի, անօդաչու ինքնաթիռների, հրթիռների եւ հրետանու զարգացմանը:

Հոդվածագիրն անդրադառնում է, թե ինչպես է 2018թ.-ին ժողովրդական ու խաղաղ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն եկել իշխանության` տապալելով հետխորհրդային կոռումպացված վարչակազմը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա` ափսոսանքով հավելելով, որ չնայած դրա ակնհայտ լինելուն՝ ամբողջ աշխարհը աչք է փակում այդ հանգամանքի վրա։ Ռուսաստանի դերի կապակցությամբ Արա Այվազյանն ընդգծել է, որ Ռուսաստանը մեր ավանդական դաշնակիցն է, եւ նրա շնորհիվ է, որ աղետից խուսափեցինք: Եվ այսօր Ռուսաստանն է, որ թույլ է տալիս խուսափելու նոր լարվածությունից:

--00--ԱՀ