Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը․ ե՞րբ և ինչո՞ւ այն դարձավ տոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

1

1991 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո, առաջնային դարձավ ազգային սահմանադրության ընդունումը։

1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանդրությունը, իսկ հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը․ այն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետութուն է։ Հռչակվեցին մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանվեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։

Սահմանադրության երկրորդ հոդվածում ամրագրված է․ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

Սահմանադրությամբ ձևավորվեց նաև կիսանախագահական կառավարման ձևը՝ ՀՀ նախագահին վերապահվեցին լայն լիազորություններ, իսկ 2017 թվականին կառավարման ձևը փոխվեց խորհրդարանականի։ Լայն լիազորություններով օժտվեց ՀՀ վարչապետը, իսկ նախագահի լիազորությունները սահմանափակվեցին։

--00—ԼՄ