Թուրքիան խիստ դժգոհ է, որ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումը ձգձգվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

Թուրքիան դժգոհ է, որ ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը Սիրիայից, ձգձգվում է:  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին դրա վերաբերյալ հայտարարություն է  արել: Թուրք պաշտոնյայի պնդմամբ՝ ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ն սերտ համագործակցում է Սիրիայի քուրդ զինյալների հետ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:

«Տեսնում ենք, որ Սիրիայից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման գործում որոշ դժվարություններ կան: Իհարկե, այդքան հեշտ չէ կապերը խզել ահաբեկչական կազմակերպության հետ, երբ վերջինիս հետ այդքան մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ ես լինում: Դա այն բազմաթիվ խնդիրներից մեկն է, որի հետ բախվել է ԱՄՆ-ն»,- ասել է Չավուշօղլուն: Նա պնդել է, որ  կան մի շարք երկրներ, որոնք փորձում են ԱՄՆ-ին համոզել, որպեսզի վերջինիս ղեկավարությունը ետ կանգնի Սիրիայից իր զորքերը հանելու մտքից:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի պաշտոնյանների հակասական հայտարարությունները Սիրիայի հարցում: Նա մասնավորապես նկատի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և վերջինիս խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները:

Հիշեցնենք, որ նախ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ -ն պատրաստվում է Սիրիայից  դուրս բերել իր ստորաբաժանումների մեծ մասը: Իսկ այնուհետեև Թրամփի խորհրդականը ասել էր, թե ԱՄՆ-ն դուրս չի գա Սիրիայից այնքան ժամանակ մինչև որ նախ չոչնչացվեն ահաբեկիչները, ինչպես նաև չապահովվի Սիրիայի քրդական ուժերի անվտանգությունը: