Նիդերլանդների ԱԳՆ-ն հաստատել է հայ գերիների ազատման համար ճնշումը պահելու հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Քաղաքական

Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը ծավալուն նամակով պատասխանել է ս.թ. հուլիսի 14-ին խորհրդարանականների կողմից կառավարությանն ուղված հարցերին, որոնք վերաբերում են հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Արցախի շուրջ զարգացումներին, գերիների խնդրին, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին և Հայաստանում ընթացող ներքին բարեփոխումներին։

Հատկանշական է, որ հարցերի հեղինակ պատգամավորները ներկայացնում են բոլոր 4 կոալիցիոն խմբակցությունները (VVD, D66, CDA, Cristian Union) և նախարարի նամակում պատասխաններից բացի տեղ են գտել նաև Ղարաբաղյան հակամարտության, Ադրբեջանում բռնաճնշումների, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ Նիդերլանդների կոալիցիոն քաղաքական ուժերի և կառավարության կոնկրետ դիրքորոշումներն արտահայտող տարբեր մեկնաբանություններ։
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի կապակցությամբ նախարար Կաախը նշել է, որ Նիդերլանդները, և՛ երկկողմ մակարդակում և՛ ԵՄ միջոցով, Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին։ Այդ խնդրի մասին Նիդերլանդները բարձրաձայնել է նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Նախարարն ընդգծել է, որ հարկավոր է շարունակել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակմանը հասնելու նպատակով։

Ռազմական հանցագործությունների հետաքննության հարցի առնչությամբ նախարարը հայտնել է, որ Նիդերլանդները շարունակելու է պաշտպանել անկախ հետաքննության իրականացման և պատասխանատվության կարևորությունը։ Նա նաև հայտնել է, որ Հայաստանը դրական է արձագանքել անկախ հետաքննության առաջարկությանը, սակայն Ադրբեջանից արձագանք չի եղել։
Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի վերաբերյալ Ս. Կաախն ասել է, որ իրավիճակը սահմաններում անկայուն է, հրադադարը փխրուն է և առաջնային խնդիրը մնում է հակամարտության խաղաղ և տևական լուծման տարբերակ գտնելը։
ԱլԳ ձևաչափում վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում և Ադրբեջանում ժողովրդավարության, արդյունավետ կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում արձանագրված առաջընթացի մասին իր գնահատականներում նախարարը նշել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, նշված ուղղություններով Հայաստանի հետ համագործակցությունը բավականին առաջ է գնացել, քանի որ Հայաստանը 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո մեծ հանձնառություն է դրսևորել նշված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու առումով։

Տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու կապակցությամբ նախարարը նշել է, որ այցելությունը նախատեսված էր ընթացիկ տարվա հունիսին, սակայն այն չի կայացել։
Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած այցելությունը նախարարը բացատրել է այն համոզմունքով, որ իրենք կարծում են, թե դա առիթ էր տեղում իրավիճակին սեփական աչքերով ծանոթանալու և ավելի մանրամասն տեղեկատվություն հավաքագրելու համար։

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի գտնվելու փաստի վերաբերյալ նախարարն ասել է, որ զորքերը տեղակայված են սահմանամերձ շրջաններում, որոնք, համաձայն խորհրդային քարտեզների, ՀՀ տարածքներ են, սակայն Ադրբեջանն այլ քարտեզներ է ներկայացնում՝ դրանք հերքելու համար։ Ս. Կաախը հաստատել է նաև, որ տեղյակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու ՀՀ վարչապետի առաջարկին, որը մշտապես ստացել է ԵՄ աջակցությունը, սակայն Ադրբեջանը դեռևս չի համաձայնել դրան։ Նախարարը նաև ընդգծել է սահմանային միջադեպերը նույնպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափով քննարկելու կարևորությունը, քանի որ դրանք առաջացել են հակամարտության հետևանքնքով և մեծ ռիսկեր են պարունակում տարածաշրջանի խաղաղ բնակչության անվտանգության համար։

--00--ԿԿ