ՓԾ տնօրենը բարձր է գնահատել փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Հասարակական

Արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների, Երեւանի եւ մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների (ՀՓՋ) պետերը:

Հանդիպման նպատակն աշխատանքային գործընթացների քննարկումն էր: ՓԾ տնօրենը մատնանշել է կոնկրետ թերություններ եւ հանձնարարել դրանք վերացնել առավելագույն սեղմ ժամկետներում: Ա. Գասպարյանը բարձր է գնահատել Սեւանա լճում ՀՓՋ-ների եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի գործունեությունը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման եւ պատշաճ հսկողություն սահմանելու առումով:

ՀՓՋ-ների շենքային պայմանների վերաբերյալ զեկուցել են ծառայության տնօրենի տեղակալներ Կարապետ Մանուկյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Նշվել է, որ 11 շինություն այսօրվա դրությամբ հիմնովին վերանորոգման կարիք ունի:

ՓԾ ղեկավարը հանձնարարել է շարունակել ուշադրության տակ պահել նաեւ COVID-19 համավարակի դեմ տարվող աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման առնչությամբ:

--00--ԿԿ