Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել. Արմեն Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

«Մի հատ ինձ նայեք, ես իմ տեսակով ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լլինել»։ Այս մասին այսօր՝ հունվարի 17–ին Վերաքննիչ քրեկան դատարանում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք ինքը ժամանակին ճնշում գործադրել է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը  հայտարարել էր, որ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի առիթը ՍԴ անդամի վրա ճնշումն է։

«Երբ Սահմանադրական դատարանը պետք է քննարկի մյուս թեկնածուների բողոքները՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, ինչ է տեղի ունենում՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ըստ գործի տվյալների, ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի կայացվի Սերժ Սարգսյանի օգտին որոշում»,–հայտարարել էր նա։

Ի դեպ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունն այսօր հետաձգվել է։ Արմեն Գևորգյանը լրագրողների տեղեկացրել է, որ դատական նիստին հանդես է եկել հայտարարությամբ.

«Ես հայտարարությամբ հանդես եկա, ներկայացրի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին։ Խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները և՛ դատախազությունում, և՛ քննչական մարմիններում, ամեն ինչ անեն, որ գործը անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի , որպեսզի վերջիվերջո արդարությունն ի հայտ գա և բոլորս իմանանք ինչ էր եղել և ինձանից ինչ էին ուզում»,–ասել է Գևորգյանը։

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից արդյոք որեւէ հրահանգ ստացե՞լ է մարտի մեկի գործի հետ կապված, Գևորգյանը պատասխանել է․ «Սիրելի՛ բարեկամներ, մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ հիշեցնել, ես այսօր այնպիսի կարգավիճակում եմ, որ չեմ կարող ձեզ որեւէ տեղեկություն տալ  գործի հետ կապված նյութերից»։