44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների բովանդակային վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ԵԱՀԿ

44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների բովանդակային վերլուծություն․ ինչո՞ւ անհետացան հիմնարար սկզբունքները և ի՞նչ ենք հասկանում՝ «կարգավիճակ» ասելով: Այս հարցին է անդրադառնում «Լույս» հիմնադրամը` իր հետևյալ վերլուծության մեջ.

«ԵԱՀԿ Մինսկի Խումբը շարունակում է մնալ Արցախյան հակամարտության վերջնական և երկարաժամկետ կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, առնվազն քանի դեռ կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել այդ ձևաչափից հրաժարվելու մասին։

Հակամարտության անկյունաքարը միշտ էլ եղել է ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի իրացման համար արցախահայության պայքարը, որը տևական բանակցություններից հետո ամրագրվել է նաև հակամարտության կողմերի և համանախագահների կողմից՝ ի դեմս հիմնարար սկզբունքների և տարրերի։

Թեև 44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին, համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսման որոշակի հույսեր արթնացրեց, սակայն հետագա ամիսներին ՄԽ հայտարարությունները էական բովանդակային փոփոխությունների ենթարկվեցին և տարածվող տեքստերից աստիճանաբար դուրս մղվեց հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիշատակումը։

Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ ՄԽ պաշտոնական հայտարարություններից անհետացան հիմնարար սկզբունքները և ինչո՞ւ են դրանց մասին հիշատակումները շատ ավելի կարևոր, քան Արցախի կարգավիճակի մասին Հայաստանից հնչող հեղհեղուկ ձևակերպումները։

Դեռևս նախքան 44-օրյա պատերազմը, 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ պաշտոնական տեղեկատվական հոսքերում սկսեցին հաճախակի կիրառության մեջ դնել «անվտանգություն և կարգավիճակ» տերմինները՝ փորձելով հակամարտության կարգավորման սեփական տեսլականը կապել հենց այս ելակետերի հետ։

Զուգահեռաբար ընթանում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում երկար տարիներ բանակցված և համաձայնեցված Մադրիդյան 3 հիմնարար սկզբունքները՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքները կասկածի տակ դնելու, դրանց որոշակիությունը վիճարկելու գործընթաց։ ՀՀ նորընտիր վարչապետը նույնիսկ պնդում էր, որ համանախագահները պետք է իրեն բացատրեն հիմնարար սկզբունքների էությունը։

Այսպես, ներկայացնենք որոշ մեջբերումներ հիմնարար սկզբունքների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարություններից․ «Ինչպե՞ս ես կարող եմ ասել՝ ընդունելի են այդ սկզբունքները, թե ոչ, մինչ այն, երբ կհասկանամ ինչ են 2 մտածում այդ մասին իրենք՝ համանախագահները»։ «Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ ով ինչպես ուզում, մեկնաբանում է, կողմերից յուրաքանչյուրը»։ «Մենք ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ մեր պարզաբանումները պետք է ստանանք։ Իհարկե, այդ պրոցեսն ընթանում է, բայց մենք դեռևս չենք ստացել Մադրիդյան սկզբունքների մասին պարզաբանումներ»։

Հիմնարար սկզբունքների վերաբերյալ նմանօրինակ մեկնաբանությունները և «անվտանգություն ու կարգավիճակ» տերմինների հաճախակի շեշտադրումը որոշ փորձագետների շրջանում մտահոգություն էին առաջացնում առ այն, որ դա ի վերջո կարող է հանգեցնել հիմնարար սկզբունքներից՝ մասնավորապես ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքից Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդրի տարանջատման։

Մի հարց է, երբ Արցախի կարգավիճակը փոխկապակցվում է ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի հետ, ինչը ենթադրում է սեփական ճակատագիրը որոշելու՝ Արցախի ժողովրդի իրավունքի ճանաչում, մեկ այլ հարց է՝ ուղղակի կարգավիճակի ու անվտանգության հարցի բարձրաձայնումը, որը կարող է խիստ տարբեր մեկնաբանություններ ունենալ՝ մշակութային ինքնավարությունից ընդհուպ մինչև Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, որը, ընդ որում, կարող է տրվել նույնիսկ առանց Արցախի ժողովրդի կամքը հաշվի առնելու։ Նույնը կարելի է ասել անվտանգության բաղադրիչի մասին, քանի որ անվտանգության անորոշ ձևակերպումը կարող է բավարարվել, օրինակ՝ խաղաղապահների առկայությամբ կամ այլ անվտանգային երաշխիքներով»։

Հոդվածն ամբողջությամբ` այստեղ:

--00--ԱԹ