Դատախազությունը բողոքարկել է Խաչատուր Սուքիասյանի եղբորն ազատ արձակելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակական

Դատախազությունը բողոքարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, գրավի դիմաց ազատ արձակելու՝ դատարանի որոշումը։ Այս մասին 24News-ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

«Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, դեռ քննություն չի եղել», - ասաց Աբրահամյանը։

Իսկ թե ի՞նչ հիմնավորմամբ է դատախազությունը բողոք ներկայացրել, գլխավոր դատախազի խորհրդականն ասաց․ «Գտնում ենք, որ իր պատշաճ վարքագիծը տվյալ պարագայում կարող է ապահովվել միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու դեպքում։ Այլ խափանման միջոցի կիրառումը տվյալ դեպքում բավարար չէ»։

Նշենք, որ Ռոբերտ Սուքիասյանը 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելը։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքների համաձայն՝ 2021թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է: 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9x17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ: Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

--00--ԿԿ