ՀՖՖ նախագահն աշխատանքային այցով Իսպանիայում է. ի՞նչ հանդիպումներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

12

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքային այցով Իսպանիայում են:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում նախատեսում է իսպանական տարբեր կառույցների հետ ծրագրեր իրականացնել կրթության ոլորտում և վերապատրաստման ուղարկել ինչպես մարզչական, այնպես էլ բժշկության ու սպորտային հոգեբանության ոլորտի մասնագետների, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև հյուրընկալվել է Marca-ի գրասենյակում և հարցազրույց տվել իսպանական ամենահեղինակավոր պարբերականին:

ՀՖՖ պատվիրակությունը նաև հրավեր է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյի կողմից՝ ներկա գտնվելու Իսպանիայի Գավաթի խաղարկության «Աթլետիկո» - «Ռայա Մահադահոնդա» հանդիպմանը, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով:

Հանդիպում է կայացել նաև Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՖՖ-ի ծրագրերի իրականացմանը և Իսպանիայում տարբեր կառույցների հետ նոր կապերի ձեռքբերմանը:

Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը հանդիպել են նաև աշխարհի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկին՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի կրկնակի հաղթող և մի շարք այլ տիտղոսներ նվաճած Վիսենտե Դել Բոսկեին, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի հնգակի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Միջմայրցամաքային Գավաթի հաղթող Ֆերնանդո Իերոյին՝ հայկական և իսպանական ֆուտբոլային կապերի հետագա զարգացման և խորացման նպատակով: