280 հաց ամեն օր հասցվում է Բարձրավան, Շուռնուխ, Որոտան. Սյունիքի մարզպետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

սյունիք

Սյունիքի ճանապարհներն անցանելի դարձնելու համար մարզպետարանի, փոխմարզպետի, քաղաքաշինության վարչության համակարգմամբ ճանշիններն աշխատում են։

Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանն՝ անդրադառնալով մարզում եղանակային պայմաններից պատճառով ստեղծված խնդրին։

Ուրբաթ օրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սյունիքի մարզի Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Ըստ Արմինե Ավագյանի՝ ժամը 12:37-ի դրությամբ Գորիսի ճանապարհներն անցանելի են, սակայն բքի պատճառով ամեն պահի կարող է իրավիճակ փոխվել։ «Ճանապարհներն անընդհատ մաքրվում են, երբեմն փակվում են բուքի պատճառով։ Այնպես չէ, որ չեն մաքրում, աշխատանք չի կատարվում, այլ Շինուհայր-Տաթև հատվածում պարբերաբար բուքը փակում է ճանապարհը։ Այս պահին [12:37-ին] կոնկրետ անցանելի են այդ ճանապարհները։ Բարձրավանը, Շուռնուխը, Որոտանը, մարզպետարանը ԱԻՆ-ի հետ համագործակցում են, հաց ամեն օր ԱԻՆ-ը հասցրել է, 280 հաց ամեն օր հասցվում է այդ 3 գյուղը։ Կապանից Ծավի ենթաշրջանի գյուղերում հացի խնդիր չի լինում, որովհետեւ Ծավում հենց հացի փուռ կա, որը բավարարում է Ճակատեն, Վերին Հանդ, Սրաշեն, Շիկահող գյուղերին», - նշեց Սյունիքի մարզպետի խորհրդականը։ 

Նա ընդգծեց ,որ Շտապ օգնության համար եթե ճանապարհը դժվարանցանելի է, ԱԻՆ-ն է աշխատում։

«ԱԻՆ-ը հենց այսօր Բարձրավանից հիվանդ է տեղափոխում։ Դպրոցների հետ խոսելով էլ նորմալ դասապրոցեսը կկազմակերպվի, ուսուցիչները կկարողանան գնալ։ Հարցը նաև եղանակային պայմաններն են։ Այսինքն՝ ճանապարհաշինարարները, շահագործող ընկերությունները մաքրությունն անում են, բայց անկանխատեսելի է։ Գորիսի շրջանում այնպիսի կլիմայական պայմաններ են, որ մի պահի շատ ուժեղ բուքի պատճառով կարող է փակվել ճանապարհը, նույնը միջպետական մայրուղու վրա է պատահում։ Ճանապարհները մաքրում են, անցանելի են դարձնում, սպասարկում են պարբերաբար, ճանապարհներին շուրջօրյա հերթապահություն իրականացվում է։ Ձյուն չի տեղում, պարզ է եղանակը, ուղղակի երբեմն բուք է լինում այդ ճամփաներին, խնդիրը դա է», - եզրափակեց Արմինե Ավագյանը։

  --00—ՄՀ

Տեսանյութեր