Հայաստանում երկաթուղային ծրագրերի իրականացումը Ֆրանսիայի առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

ю

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների տնտեսական հարցերով կցորդ Ֆրանսուա-Անրի Կլոարեկի ու տնտեսական հարցերով օգնական Թոմա Մենորեի գլխավորած պատվիրակությանը:

Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և բազմաշերտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկաթուղային ընթացիկ նախագծերի և այդ ոլորտում համագործակցության հեռանկարները։

Փոխնախարարը հետաքրքրվել է, թե փոխգործակցության խորացման ինչ ուղղություններ, հետաքրքրություններ և հեռանկարներ է տեսնում ֆրանսիական կողմը՝ նշելով, որ կան մի քանի ուղղություններ, որոնք ֆրանսիական կողմի հետաքրքրության դեպքում կարող են քննարկել:

Ֆրանսուա-Անրի Կլոարեկը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը կարող է աջակցություն ցուցաբերել երկաթուղային ծրագրերի շրջանակներում և նաև Ֆրանսիայի կառավարությունը կարող է աջակցություն տրամադրել ծրագրերի իրականացման համար:

Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ իրենց համար կարևոր է ծրագրեր իրականացնել Հայաստանում և երկաթուղային ծրագրերն իրենց առաջնահերթությունների մաս են կազմում: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

--00--ԱՀ