Գավառի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել. նրանք նաև եկեղեցուց են գողություն արել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Անցած տարվա ապրիլի 5-ին Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում բնակարանային գողություն էին արել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատշգամբի պատուհանը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր։

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին այս տարվա փետրվարի 16-ին։ Բաժին բերման ենթարկվեցին երկու երիտասարդ, որոնցից ավագը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի, կրտսերը՝ Գավառի բնակիչ է։ Նրանք խոստովանել են։

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածները էլի են գողություններ ու փորձեր արել, այդ թվում՝ Ծովազարդ գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00--ԱՀ