Ռուսների պահանջները ակնհայտ են, սակայն Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հասարակական

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հակիրճ անդրադարձել է Բելառուսի սահմանին նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններին:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Ռուսաստանը գնաց այդ բանակցություններին, որպեսզի ցույց տա, որ պատրաստ է երկխոսության (urbi et orbi), և Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի: Գոմելում քննարկվել է ՌԴ առաջ քաշած նույն պահանջները` եվրասիական անվտանգության ապահովում, ՆԱՏՕ-ին չանդամակցելու ուկրաինական երաշխիքներ, Ուկրաինայում հակառուսական և նացիստական (ազգայնամոլական) ուժերի հեռացում:

2. Լուկաշենկոյին այդ բանակցություններն անհրաժեշտ են Բելառուսի և իր սուբյեկտայնությունն ընդգծելու (աճեցնելու) համար:

3. Ուկրաինային այդ բանակցությունը պետք է` ժամանակ ձգելու համար: Ռուսների պահանջները վաղուց ակնհայտ են, սակայն Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել (նույնը նաև Մինսկ 2-ի պայմանավորվածությունները չկատարելու պարագայում էր): Ուկրաինան 2014թ-ից սկսած, տարեցտարի կորցրել է իր ինքնիշխանությունը և այսօր կախյալ երկիր է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից:

Ուկրաինան կհայտարարի, որ պատրաստ է որոշ պայմանների դիմաց ընդունել ռուսական առաջարկները, սակայն դա կրկին կյանքի չի կոչվի, և դենացիֆիկացիայի օպերացիան ռուսները ստիպված կլինել հասցնել մինչև վերջ:

Չեմ կարծում, որ այս փուլում, բանակցությունները բեկումնային կլինեն»։

--00--ԿԿ