Արցախը ՀՀ-ի հետ կապող միջպետական ճանապարհի Վայք-Սիսիան-Գորիս հատվածը բեռնատարների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

2

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 60 սմ-ի:

Ստեփանակերտ-Շոշ - Կարմիր շուկա ճանապարհը և Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները և Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու բարձրադիր հատվածներում` դժվարանցանելի են։

Ձյան շերտի բարձրությունը շրջանում կազմում է 1մ։

Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:

Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Սարուշեն և Ռև համայնքների ճանապարհները, այստեղ ձյան շերտի բարձրությունը 80սմ-ից հասնում է մինչև 1 մետրի։

Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ-ի հետ կապող միջպետական ճանապարհի Վայք-Սիսիան-Գորիս հատվածը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:

Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:

--00—ՀԶ