Թեքեյան կենտրոնում բացվել է «ԱԲԳ-ն և ընկերները» ցուցահանդեսը՝  նվիրված երգիծանկարիչ Աբգարյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

,

Ապրիլի 1-ին Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվեց «ԱԲԳ-ն և ընկերները» խորագրով ցուցահանդես՝  նվիրված երգիծանկարիչ Սամվել Աբգարյանին:  

Արվեստագետի՝ տարբեր տարիների արված նկարներն ու քանդակները ուրույն պատկերացում են տալիս նրա մտածողության և ոճի մասին։

Ներկայացված են նաև  Սուքիաս Թորոսյանի (TOTO), Արայիկ Օհանյանի (Արզօ), Արսեն Գևորգյանի (DIZO),  Դավիթ Ղազանչյանի և այլոց երգիծանկարները, ինչպես նաև Երևանի մանկապատանեկան  ստեղծագործական քաղաքային կենտրոնի սաների աշխատանքները։ Վերջիններս «Երգիծանկար» մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն են։ 

․

Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանն անկեղծանում է՝ սիրով է արձագանքում վարպետաց դասեր անցկացնելու հրավերներին, որ մարզում էլ լինի։ Հումորային գրաֆիկա ստեղծելու հարցում երեխաները մեծերից ավելի առաջադեմ են․  նրանց աշխատանքներում կա գաղափար, անկեղծություն, «կրակ», որը պակասում է ավագ սերնդին։ 

․

«Պետք է նրանց տեղ տալ, չխանգարել։  1936 թվականին, երբ Ամերիկայում երգիծանկարչությունը զարգանում էր որպես կոմիքսային արվեստ, դառնում հոլիվուդյան անիմացիա կամ մուլտիպլիկացիոն ֆիլմ, հնարավոր եղավ կայսրություններ կառուցել։ Նույն «Մարվելի» կոմիքսները՝ American hero, Superhero և այլն, տպագրում էին բանակի համար, որ զինվորները տեսնեն ու ոգևորվեն։  Դա հետո դարձավ ոճ, մտածելակերպ»․- մանրամասնում է Սուքիաս Թորոսյանը՝ հավելելով, որ հայերն ավելի խոր արմատներ ունեն և իրենց մշակույթով կարող են թելադրող լինել։ Այս համատեքստում երեխաները նոր «լոկոմոտիվ» են թե՛ մշակույթի, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

11- ամյա Ինեսա Մանուկյանը ներկայացնում է  իր «Ակնոցավոր կատվին»։ Առաջին անգամ ցուցադրվել է հինգ տարեկանում Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Ասում է՝ երգիծանկարչության վարպետաց դասերն օգնեցին կողմնորոշվել ճիշտ գույներ ընտրելու հարցում, ուշադրություն դարձնել մանրանկարչությանը։ Սիրում է կենդանիներ ու մարդկանց նկարել։ Իր մայրիկի, քրոջ և ուսուցչուհիների  հաջողված դիմանկարներ ունի։ 

Ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 7-ը։

Անի Անտոնյան

--00--ԱՀ