2022թ-ի հոկտեմբերի 13-22-ը կանցկացվի մարդահամար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

հասարակական

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշման համաձայն, հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ-ի հոկտեմբերի 13-ից 22-ը ներառյալ։

Նիստի ընթացքում Վիճակագրական կոմիտեն Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկությունը։ Նշվել է, որ ՀՀ 2022թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2020 փուլի մարդահամարների անցկացման համակցված եղանակի կիրառման ուղեցույցերով և ընթացակարգերով՝ բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների և 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ:

Օրակարգային երկրորդ հարցով քննարկվել է Մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը։

Հնգօրյա ժամկետում Հանձնաժողովի անդամների կողմից երկու հարցերի վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները ստանալուց, հարցաշարը լրամշակելուց հետո Հանձնաժողովի քննարկման արդյունքում ձևավորած կարծիքի հիման վրա 2022թ. մարդահամարի ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որպեսզի հաջորդ փուլով Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվի մարդահամարի հարցաթերթը:

--00--ԿԿ