Վիտալի Բալասանյանը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում Արցախի նախագահի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն է արել «Արցախպրես»-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020 թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակահարմարությունը: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Բալասանյանը:

Ըստ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ մասնակցելով 2012 թ.-ին նախագահական, ապա 2015 թ.-ին խորհրդարանական ընտրություններին՝ Բալասանյանը ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ կենսական ու հրատապ են:

«Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի՞ լայն հավանություն և աջակցություն, ուրեմն, անկասկած, կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարին»,- ասել է Վիտալի Բալասանյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս