Պարզվել է ընդդիմության քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

1579594452,6325.jpeg

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի մասնակիցների կողմից Չարենցի փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում, Երևան քաղաքի Չարենցի փողոցով անցնելու ժամանակ, հավաքի մասնակիցներից մեկը երթի մեկ այլ մասնակից հետ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բարձրաձայն հայհոյելով, անտեսելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով տևական ժամանակ խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է քննությամբ դեռևս չպարզված անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով։

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ խուլիգանություն կատարած հիշյալ անձանցից մեկի ինքնությունը: Վերջինս հայտնաբերվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և հարցաքննվել է՝ որպես կասկածյալ, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննությունը շարունակվում է։

--00--ՀԶ