Անհրաժեշտ է համակարգը համալրել բացառապես որակյալ կադրերով․ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Փետրվարի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցել են ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Մինչ խորհրդակցությանն անցնելը ոստիկանության՝ պետը վերջերս Երևանի բանկերից մեկում ավազակային հարձակումը կանխելու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող, ոստիկանության ենթասպա Սևակ Բադալյանին:

Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում օպերատիվ իրավիճակն էր: 

Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով գրանցված դեպքերին ու բացահայտումների վիճակագրությանը, ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է անձնական ուշադրության կենտրոնում պահել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ներկայացվել են նաև կոնկրետ տարածքային բաժինների բացահայտումների թվային տվյալներ, որոնք գոհացուցիչ չեն: Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սեղմ ժամկետում իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը շտկելու և բացահայտումների դրական դինամիկա ապահովելու համար:

Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է անցնել ուժեղացված ծառայության: Ցուցում է տրվել առավել արդյունավետ պայքար մղել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության և կոռուպցիայի դեմ:

Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությանը հանձնարարվել է, որպեսզի անչափահասի մասնակցությամբ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվի ու քննության առարկա դառնա:

Անհրաժեշտ է անչափահասների հետ առավել ինտենսիվ աշխատանքներ տանել, նրանց մասնակցությամբ իրավախախտումները բացառելու համար: 

Խոսվել է նաև ոստիկանության կադրային քաղաքականության մասին: Ոստիկանության պետը նշել է, որ անհրաժեշտ է համակարգը համալրել բացառապես որակյալ կադրերով:
Քաղաքացիներից դեռևս ստացվում են բողոքներ՝ կապված գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելու հետ: Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել այս ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է առավել ինտենսիվ ծառայություն կազմակերպել մայրաքաղաքում խցանումները բացառելու ուղղությամբ: Թեև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թվի նվազում կա, այնուհանդերձ ոստիկանության պետը հորդորել է չսահմանափակվել ձեռքբերվածով ու շարունակել միջոցառումները:

Ներկաների ուշադրությունը հրավիրվել է փետրվարի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս ուղղությամբ խիստ կարգադրություն է արվել ապահովել պատշաճ ծառայություն: 

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի տեղակալները մասնակիցների հետ քննարկել են Վալերիյ Օսիպյանի հանձնարարականների իրականացման ուղիներն ու միջոցները: