ԳՇ նոր պետի գործերը ցույց կտան, որքանով է ճիշտ ընտրությունը․ ռազմական փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

հասարակական

Լավագույն գնահատականները կլինեն Էդվարդ Ասրյանի գործերը։ Այս մասին 24News-ին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Էդվարդ Ասրյանի նշանակմանը՝ զինված ուժերի գլխավորի շտաբի պետի պաշտոնում։

Նախկինում գեներալ-մայոր Ասրյանը զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը, որում նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին: Ասրյանը նույնպես այն բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք կոչ էին արել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ 

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքերով՝ գործերը ցույց կտան, որքանով ճիշտ ընտրություն է, որքանով է Ասրյանը համապատասխանում զորքերի կառավարման թիվ 1 պատասխանատուին։

«44-օրյա պատերազմում մեր ամենախոցելի տեղը, պարտության անկյունաքարային պատճառներից մեկը զորքերի կառավարման թույլ կամ բացակա լինելն էր։ Իսկ ԳՇ պետն առաջին հերթին պատասխանատու է դրա համար։ Երկրորդը՝ պատասխանատու է զորքերի մարտական պատրաստության համար։ Կարծում եմ՝ ճիշտ չէ վաղօրոք գնահատականներ տալ։ Ցանկանանք իրեն արդյունավետ ծառայություն այս ծանր վիճակում, որովհետև իսկապես պատասխանատվությունը մեծ է», - եզրափակեց Նահապետյանը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ