Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է

Կոտայքի մարզի «Աղվերան» լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է: Այդ մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել հետիոտն: 

Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմը ֆիքսել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը:

ՀՀ ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մյուս 4 լեռնագնացների վիճակը նորմալ է, նրանք բժշկական օգնության կարիք չեն ունեցել:

Փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը: