Արցախը ՀՀ-ին կապող նոր ուղին անվտանգ է, վերահսկում են ռուս խաղաղապահները. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Արցախը ՀՀ-ին կապող նոր ուղին անվտանգ է, վերահսկում են ռուս խաղաղապահները: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Բաբայանի կարծիքով,  ճանապարհի ամբողջ երկայնքով ծառայություն են իրականացնելու նաև Արցախի ոստիկանությունն ու ԱԻՆ-ը։ Նրա պնդմամբ, դա ավելի շուտ հոգեբանական նշանակություն ունի, որ ճանապարհով անցնող հայ մարդը չբարդութավորվի և ճանապարհին հայ ոստիկանների տեսնի։

Արցախի արտգործնախարարը ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ վկայակոչելով ադրբեջանական պետության և հասարակության հայատյաց ֆաշիստական բնույթը։

Բաբայանը նաև հույս հայտնեց, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Արցախին էլ անդրադարձ կլինի, քանի որ այդ հիմնախնդիրը դեռևս շարունակում է մնալ հայ ժողովրդի ամենակարևոր հարցը։

Ըստ նրա, առանց Արցախի չի կարող լինել Սյունիք և Երևան, ինչից հետևում է, որ չի կարելի Արցախի հարցը արհեստականորեն հակադրել Զանգեզուրի միջանցքի խնդրին։

--00--ԱՀ