Արցախ մուտք գործելու ընթացակարգում արմատական փոփոխություն չի եղել. ԱՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Դավիթ

Արցախի Հանրապետություն մուտք գործելու ընթացակարգի որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, գրում է «Արմենպրեսը»:

«Շարունակում ենք մուտքի վիզաներ տրամադրել այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ստանան համապատասխան թույլտվություն:

Բացի դրանից՝ կան երկրներ, որոնց քաղաքացիների համար մուտքի վիզա ստանալու պահանջ չկա, սակայն պարտադիր պետք է, որպեսզի  ներկայանան ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն և ստանան համապատասխան փաստաթուղթ, որով թույլատրվում է նրանց մուտքն Արցախ: Այդ գործընթացն առավել կանոնակարգելու անհրաժեշտությունը պայմանավորված է  ռուս խաղաղապահների այն մտահոգությամբ, ըստ որի՝ հնարավոր է՝ Արցախ ներթափանցեն որոշ ահաբեկչական տարրեր: Եթե, Աստված մի՛ արասցե նրանց հաջողվի Արցախում որևէ գործողություն իրականացնել, ապա այդ  պատասխանատվությունը նաև ռուս խաղաղապահ առաքելության տիրույթում է: Այս համատեքստում մուտքի գործընթացը պետք է առավել կանոնակարգվի: Պահանջվում է, որպեսզի այցելությունից առաջ օտարերկրյա քաղաքացիները ներկայանան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, որից հետո տվյալները կփոխանցվեն մեզ, իսկ մեկ օր առաջ՝  նաև ռուս խաղաղապահներին. նրանք առավել մեծ հնարավորություններ ունեն պարզելու՝ տվյալ անձը ընդգրկվա՞ծ  է արդյոք որևէ ահաբեկչական խմբավորման մեջ, թե՞՝ ոչ:

Առայսօր չի եղել դեպք, որ իրենք ասեն, թե  կասկածներ ունեն և չի կարելի, որպեսզի տվյալ մարդը մուտք ունենա Արցախի Հանրապետություն: Այս կանոնակարգը բարձրացնելու է անվտանգությունը»,- ասել է Դավիթ Բաբայանը, ապա նաև տեղեկացրել, որ որևէ կերպ չի սահմանափակվելու սփյուռքահայերի մուտքն Արցախ:

«Պարզապես պետք է 1 օր սպասել, որպեսզի այդ ցուցակը ներկայացվի, և որևէ խնդիր չլինի»,-ասել է ԱՀ ԱԳ նախարարը:

--00—ԼՄ