Արցախին կապող նոր ճանապարհը պատրաստ կլինի մինչև գարուն․ այդ հատվածում 3 ընկերություն է աշխատում

  ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

1

Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից նախատեսված, Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային նոր ճանապարհի հայաստանյան հատվածը պատրաստ կլինի մինչեւ գարուն, իսկ մինչեւ այս տարեվերջ, ըստ շինարարների, պատրաստ կլինի 70-80 տոկոսը։ Այս մասին 24News-ին ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Ղուլունցն ասաց, որ 3 ընկերություն լայն թափով աշխատում է այլընտրանքային ճանապարհի հայաստանյան հատվածի վրա։ Հայաստանն Արցախին կապող նոր՝ Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի արցախյան հատվածն արդեն շահագործվում է։ Արցախին կապող նոր ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով պետք է մտնի Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

Օգոստոսի 29-ից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում (արցախյան հատված), որն ամբողջովին ասֆալտապատ է։ Ճանապարհի այս հատվածի վրա տեղակայված է ՌԴ խաղաղապահների 4 հենակետ։

Հարցին՝ Ռուսաստանի Դաշնության սահմանապահները հսկողություն իրականացնելո՞ւ են նոր ճանապարհի հայաստանյան հատվածի վրա, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը պատասխանեց, որ հիմա էլ կան ռուսական անցակետեր, սակայն պարզ չէ, թե վերջնական քանիսը կլինեն։

 Ըստ համայնքպետի՝ Հայաստանից Արցախ երթեւեկությունը դեռեւս Կոռնիձոր գյուղից նախատեսված ճանապարհով չի սկսվում, այլ՝ Կոռնիձոր չհասած մի ասֆալտապատ ճանապարհով։

 Սերգեյ Առաքելյան

 

 --00—ԱՊ