Հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, հաստատմանն ուղղված աշխատանքները շարունակվում են

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News      

կխ
     

Սեպտեմբերի 13-ից արդեն իսկ ադրբեջանական սադրանքների հետեւանքով գերի ընկած զինծառայողների հարազատները սկսել են դիմել համապատասխան մարմիններին։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը 24News-ին չասաց, թե քանի զինծառայողի մասով են դիմում պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ։

Ըստ նրա՝ այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը 24News-ին ասաց, որ ներկայացուցչությունն արդեն հայ գերիների հարցով դիմել է Եվրոպական դատարան։ 

«Գերիների խմբերի համար ենք դիմել, որովհետեւ թվեր մենք էլ ենք ճշտում՝ քննչական կոմիտեի հետ աշխատելով։ Նույնականացված մեկ անձ ունենք, ում համար առանձին ենք դիմել, նրա անունը հայտնի է։ Մյուսների մասով նույնականացման գործընթացը շարունակվում է։ Խմբերի համար լրացրել ենք սեպտեմբերի 13-ի ուղարկված դիմումը։ Այսինքն՝ 13-ին ուղարկված դիմումի մեջ մեկ գերու մասին էր նշված», - մանրամասնեց Սամվելյանը։

Սեպտեմբերի 13-ից սկսված հայ-ադրբեջանական բախումների հետեւանքով գերի ընկածների մասով Բաքուն դեռեւս պաշտոնապես որեւէ փաստ չի հաստատել։

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 24News-ին ասաց, որ գերիների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ադրբեջանական կողմը դեռեւս չի հաստատել որեւէ նոր հայ ռազմագերու փաստ։

 

   Սերգեյ Առաքելյան

   --00—ԱՊ