Ադրբեջանցիները խոստացել էին` էլ չեն կրակի, բայց տես ինչ է կատարվում, նրանց վստահել պետք չի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի վարելահողից 100-150 մետր հեռավորության վրա տեղակայված ադրբեջանական դիրքերից են նոյեմբերի 12-ի կրակոցները եղել։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:30-ի սահմանում, Խրամորթ գյուղի բնակիչներ 27-ամյա Ս. Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում «Տ-150» մակնիշի տրակտորով աշխատելիս են եղել վարելահողի վրա, երբ մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ կրակոցներից ջարդվել էին տրակտորի դիմային և հետևի հողմապակիները, իսկ դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ըստ Խրամորթի ղեկավար Զորիկ Աբրահամյանի՝ բացի նշվածից՝ այլ վնասներ չեն եղել, մոտակայքում ռուս խաղաղապահներ չեն եղել։

«Դեպքը որ եղավ, մարդիկ վարելահողն էին մշակում։ Բացի տրակտորիստից ու նրանից, ով ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ վարել տրակտորը, այլ մարդ չի եղել», - ասաց Աբրահամյանը։

«Մի 5 օր առաջ էլ կրակել էին մեկ այլ տրակտորի ուղղությամբ, խոստացել էին, որ էլ չեն կրակի, բայց կրկնվեց», - հավելեց գյուղապետը։
 
Զորիկ Աբրահամյանը դժվարացավ ասել, թե երբ հնարավորություն կլինի կրկին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։

«Ես ադրբեջանցիներին չեմ վստահում. ասել են, որ չեն կրակի, բայց արի ու տես՝ ինչ է կատարվում», - եզրափակեց Խրամորթի ղեկավարը։

--00—ԼՄ