Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասը նշել է կազմավորման 17-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ներկա են եղել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին: Զորամասի ծառայողների հիմնական խնդիրը հասարակական կարգի, ինչպես նաև հատուկ ու կարևորագույն օբյեկտների պահպանումն է։ Զորամասի ծառայողները մասնակցել են նաև 44-օրյա պատերազմին։

Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ ՀՀ ոստիկանության պետի կողմից արժանացան պարգևների։

ՀՀ ոստիկանության նվագախմբի հիմնադիր Բաղդասար Գրիգորյանի թոռը՝ Արա Գրիգորյանը, հատուկ նշանակության զորամասին նվիրեց Բաղդասար Գրիգորյանի հեղինակած քայլերգը, որի հնչյունների ներքո էլ զորամասի անձնակազմը դուրս եկավ հանդիսավոր երթի։

Հատուկ նշանակության զորամասի ծառայողները ներկայացրին մարտավարական հնարքներով ցուցադրական ելույթներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիսավոր միջոցառումից հետո հյուրերը շրջել են զորամասում, ծաղիկներ խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

--00—ԻԴ