ՀԱՕԿ-ը հրաժարվել է մարզիկների պարգևատրման «ճոխ» միջոցառումներից․ պատճառն Արցախում ստեղծված վիճակն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հաօկ

2022 թվականը բացառիկ հաջող էր հայ մարզիկների համար։ Բոլոր տարիքային խմբերում, տարբեր մարզաձևերում, Հայաստանը վերահաստատեց իր տեղը աշխարհի ուժեղագույն պետությունների շարքում։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել.

«Սա մեր ընդհանուր ձեռքբերումն է, մեր ընդհանուր հպարտությունը։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես միշտ, այս տարի ևս, հավուր պատշաճի, պարգևատրում է հաջողության հասած մեր մարզիկներին։

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչները կստանան արժանի վաստակին համապատասխան խոշոր դրամական պարգևներ։

ՀԱՕԿ-ը, հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր քաղաքացիների անկեղծ ապրումները, որոշում է կայացրել՝ այս տարի հրաժարվել ճոխ տոնական միջոցառումներից և մեր մարզիկների պարգևատրումները կատարել առավել զուսպ պայմաններում։

Այս որոշումը կայացրել ենք մարզաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝  խորհրդակցությունների արդյունքում։

Վստահ ենք, որ որոշումը ճիշտ կընկալվի մարզաշխարհի, մարզասերների և հանրության կողմից։

Մենք համոզված ենք, որ հաղթանակների, մարզական և ազգային արժանապատվության մեր լավագույն օրերը առջևում են, և  առաջիկայում կունենանք նորանոր առիթներ՝ մեծ շուքով նշելու մեր հաղթանակները»,-ասված է հայտարարության մեջ։

--00—ԼՄ