«Վորլդ Վիժն Հայաստանը» կոչ է անում անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

88e933c4-183c-4bb9-8df9-00360e34997f.jpg

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը` Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունը, որից 30,000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Ավելին, 1,100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունեն ավելի քան մեկ ամիս է։ Շրջափակման արդյունքում դադարել է Հայաստանից Արցախ սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտություն ունեցող պարագաների մատակարարումը։

Ժամանակ առ ժամանակ ընդհատվել են ձմեռային եղանակային պայմաններում ծայրահեղ անհրաժեշտ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները: Արդյունքում կաթվածահար է եղել առողջապահական, կրթական, և այլ հաստատությունների և կենսական ծառայությունների լիարժեք գործունեությունը։ Ամբողջությամբ կասեցվել է դպրոցների, նախակրթարանների և այլ կրթական հաստատությունների աշխատանքը։ Իրավիճակը ճգնաժամային է: Դրությունը, սակայն, մարդասիրական աղետ լինելուց բացի, ուղղակիորեն առնչվում է Արցախում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներին և ազատություններին։

Խախտվում են նրանց ազատ տեղաշարժի, սոցիալական պաշտպանության՝ այդ թվում կրթության և առողջապահության իրավունքները, վտանգվում՝ կյանքի, ազատության և անվտանգային իրավունքները։ Մարդու իրավունքների՝ նման կոպտագույն խախտումները վտանգում են Արցախում ապրող երեխաների առողջությունը և կյանքի իրավունքը ու խաթարում նրանց բարեկեցությունը:

Սույնով, «Վորլդ Վիժն Հայաստանը», որպես երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպություն, վերահաս հումանիտար աղետը կանխելու և Արցախում ապրող մարդկանց և հատկապես երեխաների իրավունքները երաշխավորելու հիմնավորմամբ, կոչ է անում անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել մարդկանց հիմնարար իրավունքները։ Վորլդ Վիժն Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր հնարավորությունները ներդնել ստեղծված իրավիճակից տուժած երեխաների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու ուղղությամբ և՛ այսօր, և՛ իրավիճակի հանգուցալուծումից անմիջապես հետո»։

--00—ԶՀ