Վաղարշապատի բաժնում կամավոր կերպով հանձնել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ ու ռազմամթերք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ոս

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Արդյունավետ էր նաև Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Վարդաղբյուր գյուղի բնակիչներից մեկը Աշոցքի բաժնում հանձնել է ինքնաշեն ատրճանակ ու ռազմամթերք։

Արթիկի բաժնում էլ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ ու ռազմամթերք։

Արմավիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Խանջյան գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է որսորդական հրացան ու ռազմամթերք։ Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Փարպի գյուղում բնակվող մի կին հանձնել է թմբուկավոր ատրճանակ։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 --00—ԱՊ