Հայ փրկարարների աշխատանքը՝ թուրքական լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

4f31c3fb-5faa-4d69-831f-da655198b7c2.jpg

Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է Ադիյաման նահանգում հայ փրկրարների աշխատանքին, որոնք Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո իրենց աջակցությունն են ցուցաբերում, ջանում կյանքեր փրկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական թիմի անդամ Գարի Արմագանյանը «Անադոլու»-ին պատմել է, որ թիմը Թուրքիա է ժամանել ավերիչ երկրաշարժերից մեկ օր անց՝ ՀՀ կառավարության հանձնարարականով։

Նշվում է, որ հայկական որոնողափրկարարական խումբը շարունակում է իր ջանքերը՝ Թուրքիայի Ադիյաման նահանգում երկրաշարժից հետո կյանքեր փրկելու:

«Թուրք ժողովուրդը կարող է վստահ լինել, որ այս մութ օրերին միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը, պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել: Ոչ ես, ոչ մեր թիմի անդամները երբեք նման երկրաշարժ չենք տեսել»,- ասել է նա՝ ցավակցություն հայտնելով թուրք ժողովրդին:

Հայկական թիմը օգտագործում է նաև հատուկ վարժեցված շներ՝ հայտնաբերելու փրկվածներին: Ապա մեջբերվել է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառումը.

«Յոթերորդ օրը երկու հրաշք տեղի ունեցավ: Ադիյամանում Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի թիմերի համագործակցության արդյունքում ևս երկու աղջիկ փրկվել է: Համերաշխությունը կյանքեր է փրկում»:

Հոդվածում նաև հիշեցվում է, որ 30 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիա-Հայաստան ցամաքային սահմանը վերաբացվել է՝ Հայաստանից մարդասիրական օգնություն փոխադրելու համար:

Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր թվով 56 փրկարար: Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար: Իսկ փետրվարի 11-ին Հայաստանը ցամաքային սահմանով՝ Մարգարայի կամրջով, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներ է ուղարկել Թուրքիա: Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է շուրջ 30 տարի:

--00—ԶՀ