ԱԺ նիստին չենք մասնակցել, քանի որ Արցախի իշխանությունն ադեկվատ չէ ստեղծված իրավիճակի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Մ

Երեք խմբակցությունների՝ Ազգային ժողովի այսօրվա նիստին չմասնակցելը երեկ տարածած հայտարարության տրամաբանական շարունակությունն էր։ Այս մասին 24News-ին ասաց «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի այսօրվա բոյկոտին։

«Երեկ մենք երեք կուսակցություններով հայտարարություն ենք տարածել երկրի ներքաղաքական զարգացումների մասին Արցախի իշխանությունների կողմից իրավիճակը ոչ ադեկվատ գնահատելու վերաբերյալ»,- նշեց Մոսիյանը։ Հաջորդիվ քայլերի վերաբերյալ Մոսիյանը դեռ փակագծեր չբացեց։

«Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը համատեղ հայտարարություն էին տարածել։ «Աշխարհաքաղաքական արագ փոփոխվող և ոչ նպաստավոր միջավայրում անչափ կարևոր նշանակություն է ստանում ներքաղաքական միասնության ու կայունության գործոնը, որը 2020թ. աղետաբեր պատերազմից հետո դարձել է Արցախի սուբյեկտայնությունը պահելու գրեթե միակ միջոցը: Ստիպված ենք արձանագրել, որ այդ համատեքստում նկատելի է նաև ՀՀ իշխանությունների ուղակի կամ անուղղակի դերակատարությունը՝ ներքաղաքական ու համահայկական միասնությունը տրոհելու և պայքարի ոգին կոտրելու գործում, որին, ցավոք, հիմնականում պասիվորեն ենթարկվում են նաև ԱՀ իշխանությունները»,- ի թիվս այլնի՝ նշված էր հայտարարության մեջ:

«Ցանկացած բացթողում, սխալ որոշում և չհիմնավորված հաշվարկ, որը կարող է վնասել մեր ընդհանուր նպատակներին և ջլատել մեր ժողովրդի պայքարի ոգին, կարժանանա հանրային կոշտ հակազդեցության: Անթույլատրելի ու վտանգավոր ենք համարում իշխանությունների այն վարքագիծը, երբ սեփական անկարողությունը փորձում են կոծկել ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված ժողովրդաիշխանությունն ապահովող մարմինների նկատմամբ անվստահության քողի ներքո: Մենք ազդարարել ենք վերազարթոնքի՝ համահայկական պայքարի նոր հանգրվանի մասին և շարունակելու ենք մեր մասնակցությունը բերել ժողովրդի իղձերի իրականացման համար տարվող համահայկական պայքարին»,- եզրափակված էր հայտարարության մեջ:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ