ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, երեկ ադրբեջանական կողմում հայտնված ու այսօր վերադարձած պայմանագրային զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանը։
Զինծառայողն ասաց, որ երեկ մոլորվել էր ժամը 11։30-ի սահմաններում Գորիս համայնքի Ակներ (նախկին անվանում՝ Բռուն, Վերիշեն բնակավայրից անմիջապես հյուսիս-արևմուտք) բնակավայրի գլխին՝ «վիշկի» մոտ։ «Մառախուղ է եղել, հասել եմ իրենց պոստ, տեսա որ 4 հոգի մոտենում են մեքենային («Կամազ 114» մակնիշի բեռնատար), ֆռացի դուրս եկա վարորդի դռնով։ Մի դուռը բացել են, մյուս դռնով իջել-անցել եմ նրանց թիկունք։
Մեքենան թողել եմ N դիրքից մոտ 30 մետր ներքեւ։ Ամբողջ գիշեր լուսարձակ են գցել, մառախուղ է եղել, չեն կարողացել տեսնել ինձ։ Գիշերը պատսպարվել եմ ձորակի մեջ, առավոտ արդեն ադրբեջանական դրոնները պտտվում էին ձորակի վերևում։ Ձնով ծածկվեցի, որ չտեսնեն, հետո գնացին։ Դրոն առաջին անգամ ձորակի մոտ եկավ առավոտ 5-ին, հետո՝ 6-ին, հետո 7-ին 15 պակաս։Չեն կարողացել ջոկել, ձնով ծածկված եմ եղել»,- հավելեց պայմանագրային զինծառայողը։
Մարտիրոս Գյուլամբարյանն ասաց նաև, որ բեռնատարն ադրբեջանական կողմի մոտ է մնացել․ «Որ չեն կարողացել ինձ բռնել, մեքենան հետ չեն տալիս։ Բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահների, սահմանապահների միջնորդությամբ։ Վոլկովն ասում է՝ «Ադրբեջանը հետ չի տալիս մեքենան», ուզում են տեսնել՝ ինչ են անելու»։
Զինծառայողը հավելեց, որ հայկական դիրքեր այլ ճանապարհով է կարողացել անցնել ժամը 11։00-ի սահմաններում, առողջական որևէ խնդիր չունի, վաղը վերադառնալու է ծառայության։ Խոսելով որոնողական աշխատանքների ժամանակ ռուսական սահմանապահ զորքերի մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցների մասին՝ Մարտիրոս Գյուլամբարյանն ասաց, որ հետո է իմացել այդ միջադեպի մասին․ «Ես այդտեղ չեմ եղել, ես եղել եմ խոսքի՝ Խոզնավարում (Գորիս քաղաքից մոտ 11 կմ հյուսիս), իրանք՝ Բռունի գլխին»։
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այսօր արդեն հայտնի դարձավ զինծառայողի վերադարձի մասին։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ