ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

photo_2023-05-04_18-33-18

Այսօր՝ մայիսի 4-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է  Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման շրջանակում քննարկվել են Պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունները, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Պաշտպանի դերն այդ ոլորտում։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները։ Երկուստեք կարևորվել է դրանց ուղղությամբ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև  օրենսդրական  և իրավակիրառ  պրակտիկայի բարելավումը։

Կողմերն անդրադարձել են նաև բուլինգի հիմնախնդրին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ  ՄԻՊ-ի կողմից  դրա վերաբերյալ ընթացիկ փուլում ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրներին։  Պաշտպանի խոսքով՝ ուսուցիչ-երեխա փոխհարաբերություններն այստեղ շատ կարևոր են և այս տեսանկյունից մանկավարժների կարողությունների զարգացման ուղղված  վերապատրաստման դասընթացների անհրաժեշտություն կա։

Անդրադարձ է կատարվել նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքների երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ սահմանամերձ բնակավայրերն այս տեսանկյունից խոցելի են և ունեն հատուկ ուշադրության կարիք։

Քննարկվել են նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեության և դրա դերի զարգացման, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր։

--00—ՅՄ