ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

383997570_643850751267194_6877660023353019589_n

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է վերոնշյալ անձանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ինչպես Միավորված ազգերի կազմակերպության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։

Իր հերթին Նաննա Սկաուին կարևորել է Պաշտպանի հաստատության գործունեությունը և վերջինիս դերը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։ Այս համատեքստում կարևորվել են Պաշտպանի կողմից ներկայացվող զեկույցները, որոնց միջոցով մշտադիտարկումների արդյունքները փաստաթղթավորվում են։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ աշխատանքների ուղղությունները:

--00—ՅՄ