ՀՔԾ-ն 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով նյութեր է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ՀՔԾ

ՀՔԾ-ում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին 24News-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով հարցին՝ քննություն իրականացվո՞ւմ է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտարարության մասով, որն առնչվում է «Հոկտեմբերի 27»-ի գործի մանրամասներին և Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ-ի գործակալ լինելուն:

ՀՔԾ մամուլի խոսնակը տեղեկացրեց․ «Այո, 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով նյութեր են նախապատրաստվում: Բաց նամակում նշված մնացած հանգամանքները մեր իրավասության շրջանակում չեն», - ասաց Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԺ-ում հայտնել էր, որ ՀՔԾ-ն վերոնշյալ հարցերի վերաբերյալ քննությունն է իրականացնում:

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը գրել էր․ - «1998 թ. 30 մարտի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»։