Օտարերկրյա ներդրմամբ Երասխում կառուցվող գործարանը հունիսի 23-ից դադարեցրել է աշխատանքը. բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

44a457c7-99db-485a-88cd-67b709e77fed.jpeg

Երասխում արդեն 13-րդ օրն է՝ ինչ օտարերկրյա ներդրմամբ կառուցվող գործարանը դադարեցրել է աշխատանքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց սահմանապահ գյուղի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ գյուղում հիմա համեմատաբար հանգիստ է, գործարանի փակվելուց հետո ադրբեջանական կողմից կրակոցներ չեն եղել։

«Թե երբ կբացվի գործարանը՝ որևէ մեկը չգիտի։ Անգամ գործարանից չեն կարողանում հստակ բան ասել։ Բայց արդեն հասկանալի է, որ հենց նորից սկսեն աշխատել՝ սկսելու են կրակոցները»,- ասաց նա։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ գործարանում աշխատանքի ընդունվելով ամուսինը հույս է ունեցել ընտանիքի հոգսերը հոգալու կայուն աղբյուր ունենալ։ Անցած գրեթե 2 շաբաթվա ընթացքում էլ գյուղացիները ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ գումար են կարողանում վաստակել։

«Ամուսինս ամսի 23-ին է վերջին անգամ աշխատանքի եղել գործարանի տարածքում։ Էլի կրակեցին՝ ուղարկեցին տուն։ Հիմա նորից օրվա վաստակած, օրվա ապրած սկզբունքով ենք փորձում շարունակել գոյատևել՝ մինչև տեսնենք, թե ինչ կլինի։ Որ ասում են՝ աղքատի գլխին գալովի է՝ մեր մասին են ասում»,- ասաց նա։

Գործարանում աշխատանքի էր ընդունվել համայնքի շուրջ 1 տասնյակ բնակիչ։ Ըստ նրա՝ հիմա բոլորի մոտ է անորոշության ու սպասման պահ։
«Աշխատանքի ընթացքում օրական միջինը 6 հազար դրամ տուն էր մտնում։ Կարողանում էինք օրվա ապրուստը հոգալ։ Հիմա դրանից էլ զրկվեցինք։ Հուսանք՝ մի լուծում, ի վերջո, կգտնվի»,- ասաց նա։
Փաստինֆո-ի զրուցակիցը նաև հայտնեց, որ օրերս գործարանի տարածքից հեռացվել է նաև անցած օրերին ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասված տեխնիկան։
«Հիմա վնասված ապակիներով վերամբարձ կռունկը կանգնեցված է գյուղի կենտրոնում, ոչինչ չի կատարվում»,- եզրափակեց նա։

--00—ԶՀ