Տագնապալի սպասում... իսկ մենք «բրոշյուր» ենք տպում. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  28, 24News

բ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մղձավանջը, որի ակնհայտ դրսևորումները հանրությանը տեսանելի դարձան 2020-ի նոյեմբերի 9-ից, շարունակվում է: Այն, իր հերթին, նորանոր դրսևորումներ ու ձևակերպումներ է ստանում:

Նիկոլ Փաշինյանի թիմը, նրա գլխավորությամբ, հետապնդելով իշխանությունն ամեն գնով պահելու և վերարտադրվելու նպատակ, 2021-ին հրապարակավ խոստացավ հետամուտ լինել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անգամ բանաձև կամ գովազդային կարգախոս հնչեցրեցին՝ փրկություն՝ անջատման միջոցով: Պարզվեց (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞) նրանք նորից ստում էին, ընդամենը իշխանություն պահելու համար:

Պարզվեց, որ ոչ միայն ոչ մի նպատակ չունեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելու, այլև բացարձակապես ուրացել են և ուրանում են Արցախը, որը պաշտոնապես իրենք ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Պարզվեց՝ անջատում ասելով նրանք նկատի ունեին հազարամյակներով Արցախում ապրած հայությանը բնօրրանից անջատելը, կտրելը, գաղթական դարձնելը: Իսկ Արցախը...

 

Ի՞նչ Արցախ: Հիմա էլ, պարզվում է, առանց այդ էլ հայության վրա հռհռացող թշնամիների ու «միջազգային հանրության» առաջ «Խաղաղության խաչմերուկ» ենք պարում: Ի դեպ, հենց այս օրերին, Փաշինյանի մասնակցությամբ, Թբիլիսիում, այսպես ասենք՝ «տարածաշրջանային» հավաքույթ էր, որտեղ էլ ներկայացվեց այդ «Խաչմերուկը», քարտեզով-բանով, Նիկոլ Փաշինյանի «լավագույն ավանդույթներով»: Նկարած է տարածաշրջանի քարտեզը, որտեղ կա ՀՀ-ն՝ 29 հազար ու չգիտես քանի քառակուսի կիլոմետրերով, իսկ Արցախը... չկա: Ընդհանրապես չկա: Ոչ մի կերպ չկա: Իմաստ ունի՞ ասել, որ քարտեզի հեղինակը և գլխավոր հովանավորը Նիկոլ Փաշինյանն է: Մինչ այդ սպասվում էր, որ Բրյուսելում՝ եվրոպական բարձր «հովանու ներքո», պիտի հանդիպեին Ալիևն ու Փաշինյանը: Բայց Ալիևն էլի ցուցադրաբար հրաժարվեց Փաշինյանի հետ հանդիպելուց: Հայտարարվեց, որ Բրյուսել չի մեկնի: Իսկ Փաշինյանը, ժողովրդական բառուբանով ասած, իրեն «մեջտեղից ճղում է». է՛լ հարցազրույցներ, է՛լ Ռուսաստանի դեմ նորանոր մեղադրանքներ կամ հների կրկնություններ, է՛լ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրագրություն, է՛լ «Մետաքսի ճանապարհ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ