Տեղի ունեցավ ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

մպհ

Երևանում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական Ալյանսի ներկայացուցիչներ:  Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Նիստի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին, Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար Գեղամ Գևորգյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ հավասար և արդար մրցակցային միջավայրի ստեղծումն ու դրա հետևողական խթանումը տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման է, հետևաբար ողջունվում է այս նպատակին ուղղված ցանկացած միջոցառում, այդ թվում՝ Հայաստանում ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի  նիստի անցկացումը։

Գեղամ Գևորգյանը կարևորել է  այս տնտեսական հարթակի դերը ԱՊՀ-ում մրցակցության արդար պայմանների ապահովման գործում՝ նշելով, որ մրցակցային մարմինների ղեկավարների հետ ձևավորվել են արդյունավետ գործնական և ջերմ մարդկային հարաբերություններ: Այնուհետև ՄՊՀ նախագահն ամփոփ ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները:

ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նրա խոսքով՝  Հանձնաժողովի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում  մրցակցության պաշտպանության զարգացման ուղղությամբ, մասնավորապես վերջին տարիներին չափազանց կարևոր օրենսդրական փոփոխություններ են իրականացվել:

Նիստում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Միջոցառումն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ:

--00—ԼՀ