ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խոսելով հերթական նիստի նախապատրաստության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածին համապատասխան՝ գալիք նիստում կընդգրկվի ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է շրջանառության մեջ գտնվող նախագծերի ցանկը, որից հետո պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտպանության անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը  պարզաբանումներ են տվել նախորդ օրերին տեղի ունեցած հանձաժողովային քննարկումների մասին:

Սպասվող նիստին ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդում կներկայացնի նաեւ ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 17-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաեւ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: