ԼՂ տեղահանումը բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ գնահատել են որպես էթնիկ զտում. «Freedom House»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Screenshot_4

«Freedom House»-ի այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» զեկույցն անդրադարձել է 2023 թվականին տեղ գտած զինված բախումներին՝ նաև բազմիցս կանգ առնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման, աշխարհում ավտորիտարիզմի աճի, օրինակ՝ Անդրբեջանում և Ռուսաստանում իշխող ռեժիմների ամրապնդման վրա, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն, 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը անկում է ապրել՝ նահանջ գրանցելով 18-րդ տարին անընդմեջ։ Քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները թուլացել են 52 երկրներում։ Մինչդեռ բարելավումներ են նկատվել միայն 21-ում։ Թերի ընտրությունները և զինված հակամարտությունները նպաստել են աշխարհում ազատության անկմանը։

Ըստ հրապարակման, զինված հակամարտությունները և ավտորիտար ռեժիմների ներկայացրած սպառնալիքներն աշխարհը դարձրել են սակավ անվտանգ ու ժողովրդավար։

Օրինակ, ազատության ինդեքսի առումով կտրուկ անկում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում, և այն մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ոչ ազատ երկրների, տարածքների խումբ։ Պատճառը՝ անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումն էր, Լեռնային Ղարաբաղի անջատողական կառավարության կապիտուլյացիան ու տեղի հայ բնակչության փաստացի արտաքսումը։

«Freedom House»-ի ներկայացմամբ, Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ավարտի ֆոնին՝ արձանագրվել է, որ ռուսաստանյան օկուպացիոն ուժերը իրենց ենթակայության ներքո գտնվող ուկրաինական շրջաններում ճնշում են մարդկանց հիմնարար իրավունքները։ Բռնաճնշումները խորանում են նաև Ռուսաստանում։

Զեկույցն անդրադառնում է նաև Իսրայել - «Համաս» հակամարտությանը, 2021 թվականին Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքներին, Սուդանում մարտերից տուժած քաղաքացիների իրավիճակին և այլն։

Անդրադառնալով 2023 թվականին տեղ գտած ձեռքբերումներին և կորուստներին՝ «Freedom House»-ը կրկին հիշատակում է Լեռնային Ղարաբաղը։

Ըստ զեկույցի, վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների ու ազատությունների անկմանը, և այդ իմաստով հենց Լեռնային Ղարաբաղն է ապրել տարվա ամենամեծ անկումը՝ կորցնելով 40 միավոր, քանի որ տեղի գրեթե ողջ բնակչությունը՝ մոտ 120 հազար հայեր, ստիպված են եղել փախչել՝ Ադրբեջանի զինուժի ճնշման հետևանքով։ Այդ տեղահանությունը բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ գնահատել են որպես էթնիկ զտում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ