Հակոբ Արշակյանը Ռեն Հոնգհենգի հետ քննարկել է ճանապարհաշինական ծրագրերը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։  Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։ 

Ռեն Հոնգհենգը, նախարար Հակոբ Արշակյանին ներկայացնելով ընկերության գործունեությունը, նշել է, որ այն Չինաստանի ամենամեծ շինարարական կազմակերպություններից մեկն է, որը մասնագիտացած է ճանապարհաշինության, թունելների և կամուրջների կառուցման ոլորտում: Չինաստանում ներկայում կառուցված արագընթաց ճանապարհների 15 տոկոսից ավելին կառուցվել է իրենց ընկերության կողմից։ Ծրագրեր են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև` Եվրոպայում։

Ռեն Հոնգհենգը ընդգծել է, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով, մասնավորապես, ցանկություն ունեն ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության աշխատանքներում։ 

Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և հանգամանալից ներկայացման համար, մանրամասնել է «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման, մասնավորապես, Սիսիան - Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության առանձնահատկությունները, ընդգծել, որ այդ հատվածի կառուցման համար անհրաժեշտ է բարձր մասնագիտացում ունեցող ընկերություն։ 

«Հյուսիս-հարավը» դիտարկվել է որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ»-ի՝ Պարսից ծոցը Սև ծովին միացնող հատվածի մի մասը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։ Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ գործակցությունը կլինի արդյունավետ և հեռանկարային:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս